Իրանի դիվանագիտական պատվիրակությունը, արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբաս Արաղչիի գլխավորությամբ, մեկնել է Ռուսաստան՝ շարունակվող դիվանագիտական խորհրդակցությունների շրջանակում՝ հայտնում է Tehran Times-ը։ Իրանի արտգործնախարարը Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ կքննարկի իրանա-ռուսական հարաբերություններին, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային զարգացումներին առնչվող հրատապ հարցեր։               
 

«Լենին պապիկի» թրքահաճ ռեմեյքը

«Լենին պապիկի» թրքահաճ ռեմեյքը
27.04.2026 | 13:53

(ցեխից կերտված կուռքը՝ ընդդեմ հերոսի անսասան պատգամի)

Քաղաքական տոտեմիզմի և պետականության լիակատար ձևախեղման ու քայքայման ցուցադրական ինքնաոչնչացում. այսպիսին էր արձագանքս լրահոսի մատուցած քաղաքակրթական հետընթաց-«մուտացիային»՝ նախընտրական պաստառի տեսքով, որտեղ պետությունը նույնացվում էր անհատի հետ՝ սպանելով ինստիտուցիոնալ Հայաստանի գաղափարը։

Հոշոտված քարտեզ, բարոյապես մաշված-ցեցոտած սրտիկ և տհասության ու ստորաքարշության սահմանն անցնող մակագրություն. «Վերադարձ Հայաստան, չկա Հայաստան առանց Փաշինյան»։

«Մեծահոգաբար» հրամցված աղբը ոչ թե քաղաքական կարգախոս է, այլ արժեհամակարգային ժանտախտի ախտորոշում, որտեղ հայրենիքի փշրանքները փորձ է արվում հավաքել անհատի պաշտամունքի անորակ սոսնձով։

Սույն ուղեղալվացքը, որն իր պրիմիտիվիզմով, ասես, նորօրյա «Լենին պապիկ» է կերտում, ենթատեքստում թաքցնում է մեր 4-5 հազարամյա արմատները կրծող թրքահաճ փիլիսոփայություն, որի հիմքում ընկած է ապակոդավորված թեզը՝ Հայաստանը կարող է գոյություն ունենալ միայն այնքանով, որքանով չի խանգարում թուրք-ադրբեջանական երկյակի ծրագրերին։

Բացահայտ քաղաքական կապիտուլյացիայի փիլիսոփայություն, որը մեզ համոզում է, թե առանց «առաջնորդի» մենք ոչնչություն ենք, իսկ նրա հետ՝ թուրք-ադրբեջանական հետճաշյա սեղանին մատուցվող աշխարհաքաղաքական աղանդեր։

«Սրտաճմլիկ» ֆալշով և «տիրոջն» ուղղված ստրկամիտ սիրո խոստովանությամբ այս պնակալեզություն-շոուն հստակ նպատակ ունի՝ պետությունը փոխարինել անհատով, իսկ հայրենիքը՝ նվաստացուցիչ հարմարվողականությամբ։

Առանց չափազանցության՝ հիշյալ պաստառը նաև յուրօրինակ ինքնախոստովանական ցուցմունք է, որը բացահայտում է՝ արդեն ութ տարի է, ինչ պետությունը ստորադասված է մի թերուս ստախոսի քմահաճույքներին, իսկ հայրենիքի լինելիությունը՝ ոմն ուրացողի կենսաբանական ներկայությանը։

Երբ պետականությունը՝ որպես հավերժական ու սրբազան արժեք, դադարում է լինել ինստիտուտների, օրենքի և հավաքական ոգու մարմնացում ու դառնում է ընդամենը մի մահկանացուի օրացուցային գոյության պատանդը, դրանով իսկ գուժվում է տվյալ պետության բարոյական մահը։

Այդ պաստառն իրականում քաղաքական պիղծ աճպարարություն է, որտեղ հայրենիքի սուրբ գաղափարը ստորադասվում է մեկ մարդու նախընտրական վարկանիշին։

Իսկ ենթատեքստային ուղերձը սպառնալիք է.

«Մենք այնքան ենք ոչնչացրել պետության հիմքերը, որ առանց հիշյալ անհատի՝ ձեր տունն ու հայրենիքը պարզապես գոյություն չունեն»։

Այլ կերպ չես կոչի, քան գոյաբանական շանտաժ, որով հանրությանը փորձում են պահել վախի զսպաշապիկներով՝ ստիպելով երկրպագել ապագա այն մեղադրյալին, որը հենց ինքն է այդ պետականության հետևողական քանդողը։

Շրջանառվող այս տխմարությունը ոչ թե ապագայի մտապատկեր է, այլ պարոն «Նիժնի Տապըռին» ներկայացված ստրկության հավաստագիր՝ փաթեթավորված նախընտրական գունազարդ պաստառով։

Սրա սահմաններ չճանաչող հավակնությունները ժամանակակից աշխարհում ընդամենը մեկ բնութագրում ունեն՝ «ձախողված պետության» հոգեվարքային հոգեբանություն։

Քրջի կտորի մատուցածը նողկալի տեսարան է, որտեղ ինստիտուտներին, օրենքին ու ազգի հավաքական հիշողությանը փոխարինելու է գալիս ցեխից կերտված, կավե ոտքերով մի «կուռք», որը փորձում է իր դատարկությունը լցնել պաստառային կեղծ «սիրով»։

Իսկ ընդհանուր հայտարարում ստացվում է Լյուդովիկոս 14-րդի «Պետությունը ես եմ» հայտնի բանաձևի՝ ուսապարկային տրամաբանությամբ և «Նիժնի Տապըռի» բարբառով մատուցված գավառական, պրիմիտիվ ու ողորմելի ռեմեյքը։

Սրանց սողացող ու ստորաքարշ «սիրո խոստովանությանը» իսկը տեղին է հակադարձել Արցախյան ազատամարտի լեգենդար հերոս, Արցախի ՊԲ փոխգնդապետ (հետմահու՝ ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր) Նորայր Դանիելյանի հայտնի բանաձևումով.

«Առանց Մարտակերտ չկա Արցախ, առանց Արցախ չկա Հայաստան, առանց Հայաստան չկա հայ ազգ»։

Ահա իրական պետականության և ազգային գոյության բանաձևը, որտեղ չկան անցողիկ անուններ, այլ կա հողի, արյան ու պատասխանատվության անխզելի շղթա։

Այս հերոսական պատգամի կողքին «առանց Փաշինյանի Հայաստան չկա» թեզը ոչ միայն տխմարություն է, այլև սրբապղծություն՝ ուղղված մեր նահատակների հիշատակին և մեր պետության ապագային։

Զոհված հերոսի անմահ պատգամից է բխում մեր իրական լավատեսության աղբյուրը։ Մինչ պաստառային «կուռքերը» գալիս ու անցնում են՝ պատմության աղբանոցում թողնելով իրենց գավառական ռեմեյքները, այս բանաձևը մնում է անսասան։

Մեր լավատեսությունը հենց այն գիտակցումն է, որ հայկական պետականությունը շատ ավելի մեծ է, քան ցանկացած անձ, և շատ ավելի հաստատուն, քան ցանկացած մանիպուլյացիա։

Մենք վերադառնալու ենք մեր ակունքներին, վերականգնելու ենք մեր ինստիտուտներն ու արժանապատվությունը, որովհետև ազգի հավաքական կամքը միշտ ավելի զորեղ է, քան վախի ու շանտաժի վրա հիմնված ցանկացած ժամանակավոր «ուղեղալվացում»։ Հայաստանը կա՛ ու կլինի՛, քանի դեռ կա այդ շղթան գիտակցող ու պաշտպանող հայը։

Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Հ․Գ․

Հատուկ շնորհակալություն հայրենիքի փոքրիկ նվիրյալ Դանիի հայրիկին՝ Արտ Դեմիրճյանին, որ Facebook-յան իր դիպուկ անդրադարձով նոր շունչ հաղորդեց Նորայր Դանիելյանի հայրենատիրական պատգամին։

Նրա շնորհիվ զոհված հերոսի առանցքային բանաձևը կրկին դրվեց շրջանառության մեջ՝ որպես հզոր հակաթույն լրահոսը պղտորող քաղաքական տգիտության։

Սա լավագույն պատասխանն էր պաստառային կեղծիքին և հայրենասիրության իսկական դաս՝ «նորօրյա տոտեմների» փոշիացող ֆոնին։

Դիտվել է՝ 250

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ